Ա․Ղազարյանը Վիեննայում հանդիպել է ՄՄԿ ներկայաուցիչների հետ

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում, հանդիպել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՄՄԿ տարածաշրջանային միգրացիոն առողջության խորհրդատու Խայմե Կալդերոն, Իմիգրացիայի և սահմանների կառավարման ավագ փորձագետ Պիեռ Ռոսի Լոնգիի, Աշխատանքային միգրացիայի և մարդկային զարգացման ավագ փորձագետ Մայքլ Նյուսոնը, Քաղաքականության և կապի փորձագետ Ամր Թահան։

Կողմերը քննարկել են հայաստանյան միգրացիոն ոլորտի բարեփոխումները, մասնավորապես օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը 2022 թ-ի հունվարի մեկից, ինչպես նաև նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ ամենամասշտաբայինն են լինելու Հայաստանի համար միգրացիայի ոլորտում։

Ա․Ղազարյանն ընդգծել է, որ ներկայացված գործընթացներում ՄՄԿ հայաստանյան գրասենյակը գործուն աջակցություն է ցուցաբերում, և սերտ համագործակցությունը նպաստում է համատեղ աշխատանքների իրականացմանը բարձր արդյունավետությամբ։

ՄՄԿ փորձագետները կիսվել են իրենց փորձառությամբ ինչպես իմիգրացիոն հոսքերի կառավարման, այնպես էլ մասնավորապես աշխատանքային միգրացիայի ոլորտի կանոնակարգերի մասով, փոխանակվել են կարծիքներով, պայմանավորվածություն ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ։