Կայացավ ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը

ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական` 7-րդ նիստը տեղի ունեցավ այսօր՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։

             Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները, ԱԳՆ, ԱԱԾ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները, իսկ ԵՄ կողմից՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Նիդերլանդների և Շվեդիայի համապատասխան կառույցների աշխատակիցները, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Ֆրոնտեքսի ներկայացուցիչները։

             Եվրոպական կողմն իր գոհունակությունը հայտնեց հայկական կողմի գերազանց համագործակցության և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի ու առաջընթացի համար։ Ռ. Թոդերը նշեց, որ Հայաստանը կարող է լավագույն օրինակ ծառայել վերադարձի և վերաինտեգրման ոլորտում իրականացվող հսկայական աշխատանքի շնորհիվ։

             Իր հերթին Ա.Ղազարյանը ներկայացրեց ոլորտում ընթացիկ զարգացումները՝ նշելով, որ ներկայում միգրացիոն ոլորտում տեղի են ունենում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, իսկ միգրացիոն հարցերը կարգավորող հայեցակարգը վերջերս է հաստատվել Կառավարության կողմից, որի  հիմքում ընկած են 3 կարևոր սկզբունքներ՝  համակառավարումը, համագործակցությունը և փաստահենությունը։ Նա նաև անդրադարձավ ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, Հայաստանից կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին։

             Կողմերը քննարկեցին ռեադմիսիոն վիճակագրությունը, երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ռեադմիսիոն հարցերով աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակակության հարցը և համաձանագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։

 

Ալբոմ
Ըստ թեգերի