ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության միգրացիայի  պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների  ծրագիրը հաստատելու  մասին» որոշման նախագիծը։

Հայեցակարգի և գործողությունների  ծրագրի նպատակն է միգրացիայի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների մեկտեղումը մեկ միասնական փաստաթղթում, ոլորտի կառավարման սկզբունքների սահմանումը և միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունների ձևակերպումը:

 Վերջին տարիներին Հայաստանում աճում է օտարերկրացիների ներհոսքը՝ առաջ քաշելով միգրացիոն քաղաքականության նոր ուղղությունների ձևավորման անհրաժեշտություն. մասնավորապես՝ ներհոսքի կառավարում, օտարերկրացիների կացության և աշխատանքային գործունեության կանոնակարգում: 2019թ.-ին ՀՀ կառավարությունը հռչակել է  ՀՀ  ժողովրդագրական ռիսկերի կրճատման գերակա նպատակը՝ միգրացիոն քաղաքականության օրակարգ բերելով նաև միգրացիայի ժողովրդագրական ազդեցությունների կառավարումը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության  կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմը և նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19)  առաջացրին հարկադիր տաղահանվածների նոր խմբեր և միջազգային տեղաշարժի սահմանափակումներ,որոնք միգրացիոն քաղաքականության նոր մարտահրավերներ են:

Հայեցակարգը, հանդիսանալով ՀՀ միգրացիոն քաղաքականության հիմնարար և համապարփակ փաստաթուղթ, հիմք է հանդիսանալու իրենից բխող հետևյալ չորս ծրագրերի  մշակման համար՝

  • ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման,
  •  միգրացիոն հոսքերի կառավարման,
  •  հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման 
  • հայրենադարձության խթանման:

 

Հիշեցնենք, որ   ՀՀ բնակչության միգրացիայի կառավարման  հայեցակարգ առաջին անգամ ընդունվել է  2000թ.-ին,  որից  հետո  ՀՀ կառավարությունն ընդունել է չորս հայեցակարգեր և ռազմավարություններ ու գործողությունների երկու ծրագրեր, որոնցով սահմանվել են  տվյալ  ժամանակաշրջանի  միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունները:

 

Ըստ թեգերի