Հաստատվեց Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման ծրագրի երրորդ փուլը

 

2019 թվականին ընդունվեց Կառավարության N 1666-Ն որոշումը, որի նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած,  ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովումը։

2019 թվականին ընդունված որոշմամբ սահմանված ծրագիրը, հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, իրականացվում է փուլային եղանակով։  Ծրագրի  առաջին փուլն  ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած  ընտանիքների  բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ  է ծրագրի երկրորդ փուլը, որով  բնակարանների գնման վկայագրեր են  տրամադրվում  Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող  շահառուներին։

Ծրագրի երկու փուլերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսն (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:

Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ  ուղղվեց ծրագրի  երրորդ  փուլի  իրականացմանը՝ Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում  բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին  բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու նպատակով։ Ներկայիս նախագծով նախատեսվում է լուծել  Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը:

Ըստ թեգերի