ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՌԵԱԴՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Անաստասյանը Վիեննայում անցկացրեցին հանդիպում-քննարկում ԵՄ անդամ երկրներում հետընդունման (ռեադմիսիոն) գործառույթներ իրականացնող ՀՀ հյուպատոսների և ԵՄ անդամ երկրների համապատասխան կառույցների հետընդունման հարցերով պատասխանատու գործընկերների հետ՝ վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման տեսական և գործնական հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ անդամ 8 երկրների (Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Շվեդիա, Փարիզ և Մարսել) 9 ՀՀ հյուպատոսները և ԵՄ անդամ 3 երկրներից 7 գործընկերները (Ավստրիա, Գերմանիա և Նիդերլանդներ)։
Տեսական մասում գործընկերներին ներկայացվեցին ՀՀ վերադարձի և վերաինտեգրման ոլորտում վերջին զարգացումները, մասնավորապես՝ ինտեգրման և վերաինտեգրման կարգավորման պետական ռազմավարության և «ՀՀ հարկադիր վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի» նախագծերը։
Այնուհետև, գործնական մասում քննարկվեցին 2019թ-ի փետրվարից շահագործվող Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի (ՌՀԿԷՀ) օգտագործման ընթացքում առաջացած հարցերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման և ՀՀ քաղաքացիների վերադարձի ընթացքում առաջացող տարաբնույթ խնդիրները, որոնք հիմնականում վերաբերվում էին․
• Օտարերկրյա պետությունում ծնված երեխաների փաստաթղթային խնդիրներին (կեղծ տվյալներով ծննդյան վկայականներ, ապոստիլի բացակայություն և այլն)։
• Անձի նույնականացման հարցազրույցի անցկացումը հյուպատոսների կողմից։
• Վերադարձողների անձնական գույքի մաքսազերծման արտոնություններից օգտվելու նպատակով մշտական բնակության վերաբերյալ փաստաթղթի ձեռքբերման հնարավորությունը։
• Վերադարձի ենթակա ՀՀ քաղաքացիների շրջանում իրազեկման բարձրացմանն ու վերադարձի խրախուսման հնարավոր ճանապարհներին։
• Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրներից ստացվող ռեադմիսիոն հայցերին։
• Առողջական խնդիրներով, հատկապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց վերադարձին։
• Ընտանիքի հետընդունմանը՝ տարբեր քաղաքացիություն ունեցող ծնողների դեպքում։
• Մեկից ավելի անգամ ՀՀ վերադարձի վկայականի տրամադրման ժամկետներին ու ընթացակարգերին։

Ալբոմ
Ըստ թեգերի