ԿԱՅԱՑԱՎ ԻՐԻՍ ԲԻԶՆԵՍ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկա է գտնվել ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բացման պաշտոնական արարողությանը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիմնադրվել է Սիրիական Ճգնաժամին ի պատասխան ստեղծված Եվրոպական Միության Տարածաշրջանային Թրասթ ֆոնդի` «ՄԱԴԱԴ» ֆոնդի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում՝ Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի կողմից։

ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է (3 միլիոնը՝ հատկացված Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ) կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բյուջեն:

Միջոցառումը համախմբել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ֆինանսավորող և հիմնադիր կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պետական և մասնավոր ոլորտների գործընկերներին, միջազգային կառույցներին, փորձագետներին և մեդիա ներկայացուցիչներին՝ նշելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնումը:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շնորհանդեսին բացման հանդիսավոր խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երևանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը, Ավստրիական Կարմիր խաչի գործառնությունների և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Վոլտեր Հայեկը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Ռուբեն Օսիպյանը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ծրագրի ղեկավար Նարինե Թերզյանը ներկայացրել է ինկուբատորի առաքելությունը, նպատակներն ու գործառույթները:

Մանրամասն
Ըստ թեգերի