ՄԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը և Հանրային կապերի համակարգող Նելլի Դավթյանն այսօր մասնակցեցին ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովին՝ «Մասնագիտացված սփյուռքի մասնակցությունը Հայաստանի զարգացման օրակարգում» խորագրով։
ՄԾ պետ Ա. Ղազարյանը նկատեց, որ քննարկումը միանգամայն համահունչ է Կառավարության ծրագրով սահմանված բաղադրիչներին՝ վերադարձող հայերի ներուժը Հայաստանի զարգացմանը ծառայեցնելու տեսանկյունից։ «Ուրախ եմ, որ միգրացիային առնչվող այս տեսակ թեմա ենք քննարկում, որովհետև միգրացիայի մասին խոսելիս ամենից հաճախ սահմանահատումների դինամիկա ու դրա մեթոդաբանությունը կամ այլ տեխնիկական հարցեր են քննարկվում, և երբեմն մոռացվում է, որ այստեղ կա նաև մարդկային ներուժ, որ անգնահատելի դեր կարող է խաղալ մեր օրակարգում»,-ասաց նա։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ կառույցի բյուջեն երկու ուղղությունների է բաժանված՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում և Սփյուռքի ներուժ։ «Երկրորդին անդրադառնալու ենք գլոբալ՝ ամբողջական Սփյուռքի ներգրավվածությամբ»,-հավաստեց նա։
ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը բարձր գնահատեց այս համագործակցությունը ու դրա ձևաչափը, ներկայացրեց կազմակերպության գործադրած ջանքերը՝ մի քանի համայնքների մասնագիտական ներուժի զարգացման գործում։
ՄՄԿ Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Մայքլ Նյուսոնը ներկայացրեց Սփյուռքի ներգրավման տարբեր երկրների հաջողած փորձեր։ «Սփյուռքի ներգրավումը խոշոր հաշվով մարքեթինգ է»,-ասաց նա։
ՄՄԿ փորձագետ Լուշա Մարիա Սավչիկն էլ ներկայացրեց հայկական սփյուռքի հմտությունների ուսումնասիրությունը և քարտեզագրումը ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, որը, ի դեպ իրականացվել է մեծ տվյալների միջոցով։

Ալբոմ
Ըստ թեգերի