Վ.Մաթևոսյան, «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» Մաս Գ. Եվրոպայում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիները

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Հայաստանից սկիզբ առնող էմիգրացիոն հոսքերի նպատակակետ ուղղությունների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում Եվրոպականը՝ Եվրոպական միության (ԵՄ) անդամ պետություններ և Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության (ԵԱԱԸ) անդամ պետություններ։ Դեպի Եվրոպա ՀՀ քաղաքացիների միգրացիայի առավել տարածված ձևը միջազգային պաշտպանության գործիքակազմից օգտվելն է (ԵՄ և ԵԱԱԸ պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների և նրանց հայցերի վերաբերյալ ընդունված որոշումների վիճակագրությունը տե՛ս «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» պարբերականի Մաս Ա-ում), սակայն վերջին տարիներին ակտիվացել են նաև դեպի Եվրոպա աշխատանքի, ուսման և օրինական մշտական կացության մեկնողների թվերը։ Այս իրողության մասին է վկայում ԵՄ և ԵԱԱԸ անդամ պետություններում տարատեսակ կացության կարգավիճակներ ստացող և տարեվերջին վավեր կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների թվի աճը։ Միևնույն ժամանակ տարեցտարի աճում է նաև եվրոպական պետություննրում քաղաքացիություն ստացող ՀՀ քաղաքացիների թիվը, որոնց մի մասը շարունակում է պահպանել նաև ՀՀ քաղաքացիությունը։
«Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» պարբերականի ուսումնասիրության առարկան դեպի Եվրոպական պետություններ ՀՀ քաղաքացիների էմիգրացիոն հոսքերի գնահատումն է՝ հավաքագրված տվյալների քանակական վերլուծության միջոցով։
Նշված հոսքերի մշտադիտարկումը խիստ կարևոր նշանակություն ունի ոչ միայն ՀՀ ժողովրդագրական վիճակի վրա էմիգրացիայի գործոնի գնահատման, այլ նաև էմիգրացիայի ներուժի՝ «Միգրացիա և զարգացում» հայեցակարգի շրջանակներում, ՀՀ տնտեսական զարգացմանը ծառայեցնելու համատեքստում։
Հայաստանի միգրացիոն ծառայության միգրացիոն ծրագրերի և մոնիթորինգի բաժինը, իր գործառույթներով պայմանավորված, իրականացնում է ՀՀ միգրացիոն իրավիճակի մոնիթորինգ, որը նկարագրվում է միգրացիոն հոսքերի շարժերը բնութագրող մոտ երկու հարյուրի հասնող ցուցանիշների միջոցով, ի թիվս որոնց մշտադիտարկվում են նաև էմիգրացիայի եվրոպական ուղղության ծավալները բնութագրող վիճակագրական տվյալները։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ 2016 թվականից բաժնում ձևավորվել է Վերլուծական միավոր, որը պատասխանատու է համապատասխան վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման համար։ 

Սկսած 2019թ-ից բաժինը նախապատրաստում է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիրը», որը կազմված է երեք մասերից՝ «Եվրոպայում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիները», «Եվրոպայում միջազգային պաշտպանություն որոնող ՀՀ քաղաքացիները», «Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»։
Պայմանավորված վերոհիշյալ մասերում ներկայացվող տվյալների հավաքագրման և մշակման առանձնահատկություններով՝ դրանցից յուրաքանչյուրը հրապարակվում է առանձին-առանձին։
Տեղեկագրի նպատակն է ՀՀ միգրացիոն իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը ՀՀ համապատասխան պետական մարմիններին, միջազգային և հասարակական կազմակերպություններին, խնդրով հետաքրքրվող գիտական և ուսումնական շրջանակներին և ըդհանրապես լայն հասարակությանը։
Տեղեկագրի սույն մասում ներկայացված տվյալները հավաքագրվել են Եվրոստատի տվյալների շտեմարանից 21.09.2019թ-ի դրությամբ։

 

Կարդալ ավելին
Ըստ թեգերի