Վ.Մաթևոսյան, «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» Մաս Բ. Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները

Եվրոպական պետություններ մեկնող ՀՀ քաղաքացի միգրանտների մեծամասնությունը որպես նշանակակետ պետություններում հաստատվելու մեխանիզմ օգտագործում են միջազգային պաշտպանության գործիքակազմի ընձեռած հնարավորությունները։ Սակայն ապաստանի համար լիազորված պետական մարմինների և դատական ատյանների կողմից բավարարվում են ՀՀ քաղաքացիների հայցերի տարեկան միջինը 9.5%-ը, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիների մի ստվար բազմություն, սպառելով բացասական որոշումների/վճիռների վերանայումների և բողոքարկումների բոլոր հնարավոր տարբերակները և ձեռք չբերելով կացության այլ օրինական հիմքեր, վերածվում են անօրինական միգրանտների (առավել մանրամասն Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տե՛ս «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» Մաս Ա http://www.miglib.org/sites/default/files/migration_in_figures_0.pdf)։ Վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից ապաստանի մեխանիզմներին զուգահեռ սկսել է կիրառվել նաև աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների (հիմնականում կարճաժամկետ 3-5 ամիս և 6-11 ամիս վավերականությամբ) միջոցով ԵՄ երկրներում հաստատվելու պրակտիկան, որի արդյունքում աշխատանքային վիզայի և կացության կարգավիճակի ժամկետների սպառումից հետո մուտքի երկիրը չլքած ՀՀ քաղաքացիները նույնպես համալրում են անօրինական գտնվողների շարքերը (առավել մանրամասն Եվրոպայում կացության կարգավիճակ ստացած և ունեցող ՀՀ քաղաքացիների թվի վերաբերյալ տե՛ս «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» Մաս Գ։ )
Դեպի Եվրոպա էմիգրացիոն հոսքը իր բնույթով ունի մշտական միգրացիայի նպատակ, ինչը իր հերթին ենթադրում է մեկնողի կողմից «միգրացիայի գնի» վճարում։ Վերջինս բարդ և բազմաշերտ կատեգորիա է, որը ներառում է ինչպես բարոյահոգեբանական կոմպոնենտներ (հայրենիքը լքել, հարազատներից հեռանալ, միջավայրի փոփոխություն և այլն), այնպես էլ ֆինանսական լուրջ ծախսեր։ «Միգրացիայի գինը» վճարելու համար՝ ՀՀ քաղաքացիների մի մասը վաճառում են իրենց ունեցվածքը, տունը և տեղը։ Այս համատեքստում Եվրոպայում անօրինական գտնվող և վերադարձված ՀՀ քաղաքացիների թվի ուսումնասիրությունը ձեռք է բերում խիստ կարևոր նշանակություն, նրանց վերաինտեգրման, իսկ հաճախ նաև հրատապ առաջնային օգնության տրմադրման գործընթացը ճիշտ կազմակերպելու և վերադարձվածների հոսքերը կառավարելու տեսանկյունից։ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության միգրացիոն ծրագրերի և մոնիթորինգի բաժինը իր գործառույթներով պայմանավորված իրականացնում է միգրացիոն հոսքերի շարժերը բնութագրող մոտ երկու հարյուրի հասնող ցուցանիշների մշտադիտարկում՝ այդ թվում նաև անօրինական գտնվողների և վերադարձվածների վիճակագրության վարում։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ 2016 թվականից բաժնում ձևավորվել է Վերլուծական միավոր, որը պատասխանատու է համապատասխան վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման համար։
Սկսած 2019թ. բաժինը նախապատրաստում է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիրը», որը կազմված է երեք մասերից՝ «Եվրոպայում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիները», «Եվրոպայում միջազգային պաշտպանություն որոնող ՀՀ քաղաքացիները», «Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»։
Պայմանավորված վերոհիշյալ մասերում ներկայացվող տվյալների հավաքագրման և մշակման առանձնահատկություններով՝ դրանցից յուրաքանչյուրը հրապարակվում է առանձին-առանձին։
Տեղեկագրի նպատակն է ՀՀ միգրացիոն իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը ՀՀ համապատասխան պետական մարմիններին, միջազգային և հասարակական կազմակերպություններին, խնդրով հետաքրքրվող գիտական և ուսումնական շրջանակներին և ըդհանրապես լայն հասարակությանը։

 

Կարդալ ավելին
Ըստ թեգերի